ԾԱՂԿԱՁՈՐԻ ՄԱՍԻՆ
Լեռնադահուկային սպորտի ժամանակակից հանգստավայր համարվող, միջազգային ճանաչում ունեցող Ծաղկաձոր քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում եւ ունի շուրջ 2000 բնակիչ:
Հայաստանի մայրաքաղաք Երեւանից 58 կմ դեպի հյուսիս-արեւելք, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից 70 կմ հեռավորության վրա գտնվող այս սքանչելի քաղաքը տեղակայված է Թեղենիս լեռան գեղատեսիլ արեւելյան լանջին, Մարմարիկ գետի ձախ ափին՝ ծովի մակերեւույթից 1845 մ բարձրության վրա: Բարենպաստ կլիման, մեղմ ձմեռը /արեւոտ օրերի քանակը տարվա մեջ հասնում է 270-ի, ձյան ծածկույթը՝ 1,40 մ-ի/ հրաշալի պայմաններ են ստեղծում լեռնադահուկավորների համար եւ հնարավորություն տալիս երբեմն նոյեմբերի կեսից մինչեւ ապրիլի կեսը զբաղվել ձմեռային սպորտաձեւերով:
Բնակավայրը հնում կոչվել է «Ծաղկունյաց ձոր» եւ ծառայել է որպես Արշակունի արքաների ամառանոց եւ որսատեղի: Տեսարժան վայրերի շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում «Կեչառիս» եկեղեցական համալիրը /11-13-րդ դարեր/, որտեղ միջնադարում տեղակայված էր Հայաստանի կրթամշակութային, ուսումնական եւ հոգեւոր կենտրոններից մեկը:
Գեղեցիկ բնության ու բարենպաստ կլիմայի շնորհիվ Ծաղկաձորը կարծես «երկրորդ տուն» է՝ գիտնականների, գրողների, գեղանկարիչների, արվեստագետների համար: Խորհուրդ ենք տալիս այցելել համաշխարհային ճանաչում վայելող Օրբելի եղբայրների տուն-թանգարանը /երեք եղբայրներից մեկը՝ Հովսեփ Օրբելին եղել է Պետերբուրգի պետական Էրմիտաժի տնօրենը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Ծաղկաձորի բնակիչները բարեհամբույր են եւ հյուրասեր, ձմեռային տուրիզմի եւ ձիարշավների զարգացած մշակույթի տեր:



